Ռազմավարություններ, մոդելներ, սիմուլյացիաներ

CoronaTest
2 min readApr 16, 2021

Մենք մեր առաքելությունն ենք համարում համաճարակի կանխմանը կամ դրա տարածման արագության նվազեցմանն օժանդակելը։ Հիմնադրման օրից՝ 2020թ-ի ապրիլից, մեր հիմնական նպատակը եղել է նպաստել համաճարակի ճնշմանը և տնտեսական ակտիվության վերականգնմանը։
Եվ այսպես, մեր առաքելությանը հետամուտ, հովանավորել ենք Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետազոտությունների և գործարարության կենտրոնի կողմից նախաձեռնած “COVID-19 Ռազմավարություններ, մոդելներ, սիմուլյացիաներ” մրցույթը։

Մրցույթի նախադրյալները որոշ տնտեսվարողների, մասնավորապես՝ ամերիկյան որոշ համալսարանների և քամփուսների կողմից պարբերական թեստավորման ռազմավարության կիրառման արդյունքում արձանագրված հաջողություններն էին։ Փորձը ցույց է տվել, որ այս ռազմավարության շնորհիվ հնարավոր է բավականին վաղ փուլում հայտնաբերել վարակվածներին և, համապատասխան միջոցառումների իրականացմամբ, կանխել վարակի տարածումը։ Ամենահաջողվածներից է Իլինոյսի Ուրբանա-Շամպայն համալսարանի փորձը, որտեղ “պարբերական թեստավորման” ռազմավարության շրջանակներում առայսօր կատարվել են ավելի քան 25,000 ՊՇՌ թեստեր, իսկ ուսանողների և դասախոսների ելումուտն արտոնվում է կիրառվող հատուկ քաղաքականության հիման վրա։

ԵՊՀ-ի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետազոտությունների և գործարարության կենտրոն հիմնադրամի հայտարարած մրցույթի նպատակն է՝ մոդելավորել համավարակի սփրեդը «պարբերական թեստավորման» և այլ արդյունավետ միջոցների կիրառման պայմանով և համեմատել առաջարկվող մոդելը ընթացիկ մոդելի հետ, որի դեպքում թեստավորումն ու ինքնամեկուսացումը կիրառվում են բացառապես ախտանիշների առկայության պարագայում։ Կազմակերպիչներն ակնկալում են մեկ սեղանի շուրջ հավաքել հետազոտողների, մաթեմատիկոսների, data scientist-ների, համաճարակաբանների, քիմիկոսների, և, առհասարակ, բոլոր այն անձանց (նաև խմբերի), ովքեր մտահոգ են առկա իրավիճակով և ունակ են օժանդակելու համաճարակի հաղթահարման որակապես նոր ռազմավարության մշակմանը։
Լավագույն երեք աշխատանքները ներկայացնողներին սպասվում է ֆինանսական խրախուսում՝ համապատասխանաբար 300,000 դրամ, 200,000 դրամ և 100,000 դրամ գումարով։

Մրցույթի կանոններն ու տեխնիկական նկարագիրը մանրամասն ներկայացված են այստեղ։

Բոլորիս առջև դրված է մեկ ընդհանուր խնդիր՝ փորձել դիմակայել այս համաճարակին և անել հնարավորինս՝ այն կանխելու համար։

--

--

CoronaTest

CoronaTest is an Armenian-based company that integrates COVID-19 tests right from the manufacturers and offers coronavirus testing at home or workplace.